Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի ձևավորումը շահեց Բուխարեստի ճարտարապետության բիենալեի առաջին մրցանակը

Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի ձևավորումը շահեց Բուխարեստի ճարտարապետության բիենալեի առաջին մրցանակը

PanARMENIAN.Net - Բուխարեստի Ճարտարապետության IX բիենալեում, որի արդյունքներն ամփոփվեցին 2010թ. հոկտեմբերի 12-ին, «Ինտերիերի ճարտարապետություն, բեմական ձևավորում և առարկաների դիզայն» անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ SKBD ստուդիան, որն իրականացրել է Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի հավաքածուի ցուցադրությունը (հեղինակներ` Աթիլլա Կիմ, Տիբերիու Բուկշա, Ադրիանա Դիակոնու, Էլենա Ստոյան, Ռուքսանդրա Բերինդե և Անա Բոտեզատու):

Մրցույթն ընդգրկում էր վեց անվանակարգեր` 1000 քմ ավելի ճարտարապետություն, 1000 քմ պակաս ճարտարապետություն, ուրբանիզմ և քաղաքային տարածքների ձևավորում, Ինտերիերի ճարտարապետություն, բեմական ձևավորում և առարկաների դիզայն, հուշարձանների վերականգնում և շենքերի վերակենդանացում, ճարտարապետական հրատարակություններ:

Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը բացվել էր Ռումինիայի Սիբիու նահանգի Դումբրըվեն քաղաքում 2010թ. հուլիսի 15-ին մշակութային ինքնության վերականգնման և խթանման ռումինա-եվրոպական համագործակցության շրջանակներում: Թանգարանի հիմնադրումն իրականացվել էր Նորվեգիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի կառավարությունների կողմից հիմնադրված «Հայ համայնքի վերածննդին ուղղված գործողություններ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Դումբրըվենի նախկին հայ համայնքի մշակութային ժառանգության պահպանությունն ու ներկայացումը, ինչպես նաև դրա միջոցով տեղական տուրիզմի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանումը: Թանգարանը տեղավորված է Դումբրըվենի հայ կաթողիկե Սուրբ Եղիսաբեթի տաճարին հարևան պատմական Ապաֆի ամրոցում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դումբրըվենը համարվում է Տրանսիլվանիայի հայկական բնակավայրերից մեկը: Հայերն այնտեղ հաստատվել են դեռևս 17-րդ դարի վերջում: 18-րդ դարի սկզբում հայերի ջանքերի շնորհիվ Դումբրըվենն ստացել է «թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ, կառավարվել հայերի կողմից` հայկական օրենքներով և վերանվանվել Ելիզաբեթոպոլիս: Քաղաքում կառուցվել են հայկական եկեղեցիներ, վարչական և կրթական հաստատություններ, առևտրական և բնակելի տներ, որոնցից մի մասը պահպանվում է մինչև այսօր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---