14 հոկտեմբերի 2010 - 14:59 AMT
Ռուբեն Հայրապետյանը ուղերձ է հղել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ուղերձ է հղել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «ԵՎՐՈ-2012 թվականի ընտրական մրցաշարի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը բազում հաճելի պահեր պարգևեց բոլորիս: Սլովակիայի և Անդորայի հավաքականների հետ հանդիպումներում մեր տղաները ապացուցեցին, որ ի զորու են կատարել իրենց առջև դրված ամենաբարդ խնդիրները, և ամենակարևորը` գեղեցիկ ու արդյունավետ խաղով հաճույք պատճառել մեր երկրպագուներին: Հայաստանի ազգային հավաքականը, որը հանդես է գալիս երիտասարդ կազմով, ձևավորման փուլում է և Ձեր աջակցության շնորհիվ է, որ մեր ընտրանին այսօր հաջողությունների է հասել»,- նշվում է հայտարարության մեջ:

Ռուբեն Հայրապետյանը խորին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին` Հայաստանի ազգային հավաքականին բուռն աջակցելու և քաջալերելու համար: «Հուսով եմ, որ հաջորդ տարի պատասխանատու հանդիպումների ժամանակ դուք կրկին կլինեք սիրելի հավաքականի կողքին: Շնորհավորում եմ ողջ հայությանը, մարզական հասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամներին այս հաղթանակների առթիվ, կիսելով Ձեզ հետ այն համոզմունքը, որ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն հանդիպումները դեռ առջևում են»,- ասել է ՀՖՖ նախագահը: