ՀՀ նախագահի 2011 թ. հունվարին ծրագրված պաշտոնական այցը Հունաստան կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը

ՀՀ նախագահի 2011 թ. հունվարին ծրագրված պաշտոնական այցը Հունաստան կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը

PanARMENIAN.Net - Աթենքում հոկտեմբերի 12-ին եւ 13-ին շարունակվեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության հանդիպումները Հունաստանի խորհրդարանում: Հայաստանի խորհրդարանի անդամները հանդիպեցին Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ տիկին Ռոդուլա Զիսիի, Եվրոպական հարցերի և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի համար Հունաստանը ավանդական բարեկամ երկիր է: ԱԺ նախագահի խոսքով` հայ-հունական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը արդյունք է վերջին տարիներին կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերի: Դինամիկ զարգանում է համագործակցությունը հատկապես կրթական, մշակութային, ռազմական բնագավառներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի տնտեսության տարբեր բնագավառներում Հունաստանի հետ համագործակցության առավել խթանումն ու ընդլայնումը: Այս ոլորտում մեծ դերակատարություն է վերապահված Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության միջկառավարական հանձնաժողովին: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ ՀՀ նախագահի 2011 թ. հունվարին ծրագրված պաշտոնական այցը Հունաստան կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը եւ տնտեսական կապերի զարգացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է եվրոպական ընտանիքին ինտեգրվելը: ԱԺ նախագահը կարեւորեց նաև տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը:

Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ տիկին Ռոդուլա Զիսին ողջունելով իր հայ գործընկերներին` նշեց, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը ամուր հիմք է հանդիսանում քաղաքական, առեւտրատնտեսական, գիտամշակութային համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու համար: Նա նույնպես անդրադարձավ հայ եւ հույն ժողովուրդների ընդհանուր ճակատագրին, նշելով, որ երկու ժողովուրդներն էլ ստիպված են եղել լքել պատմական հայրենիքը եւ լավ գիտեն, թե ինչ է սփյուռքը: Ամեն տարի ապրիլի 24-ին հույները հայերի հետ միասին նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը եւ հարգում անմեղ զոհերի հիշատակը:

Տիկին Զիսին նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը` նշելով, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Հունաստան մեծապես կնպաստի փոխգործակցության խորացմանը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---