14 հոկտեմբերի 2010 - 16:56 AMT
Պատգամավոր. Նահանջը ընդլայնողական քաղաքականությունից կարող է հանգեցնել լուրջ հետևանքների

Վերադարձը նախաճգնաժամային քաղաքկանությանը, այսինքն նահանջը ընդլայնողական քաղաքականությունից, կնշանակի, որ Հայաստանի իշխանությունները չեն ընկալում առկա մարտահրավերները, գտնում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:

Ըստ նրա, վտանգը նրանում է, որ տարբեր զարգացած երկրները ևս կձգտեն սահմանափակել միջամտությունը տնտեսական քաղաքականությանը և դա կարող է դանդաղեցնել ՀՆԱ-ի աճը: «Եթե հաշվի առնենք, որ ճգնաժամի ժամանակ ՀՆԱ-ի անկումն այդ երկրներում 2-4 տոկոս է եղել և նրանց կարող է գոհացնել աճի դանդաղ տեմպը, ապա Հայաստանում անկումը շատ ավելի մեծ էր: Եթե Եվրոպայում և ԱՄՆ-ում տնտեսական աճը դանդաղի, Հայաստանում լուրջ խնդիրներ կառաջանան և նա մի քանի տարի չի կարողանա վերադառնալ նախաճգնաժամային իրավիճակին»,-ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է շարունակի ակտիվ մասնակցությունը տնտեսական կյանքին և խթանի ոչ թե կոնկրետ ձեռնարկությունների, այլ ոլորտների գործունեությունը: