14 հոկտեմբերի 2010 - 17:23 AMT
Հոկտեմբերի 15-ին կներկայացվի Ջերմուկի՝ որպես զբոսաշրջային կենտրոնի, նոր հատակագիծը

Հոկտեմբերի 15-ին կներկայացվի Ջերմուկի, որպես զբոսաշրջային կենտրոնի, հատակագիծը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

ՀՀ կառավարությունը 2008-ին հաստատել էր Ջերմուկը զբոսաշրջային կենտրոնի վերածելու հայեցակարգը, իսկ 2009թ. հաստատվել է Ջերմուկ քաղաքի զարգացման ռազմավարությունը 2009-2012թթ.:

Ըստ նրա, շվեյցարական TigerDev Swiss ընկերության հետ համատեղ մշակվել են լուծումներ, որոնք բխում են ինժեներական ռազմավարությունից, ինչպես նաև կստեղծվի քաղաքի վիզուալ պատկերը, որն էլ կներկայացվի վաղը: Դրան կհետևի ներդրումային ծրագրերի մշակումն ու իրականացումը, որով կղբաղվի հատուկ կառավարող մարմինը: Նախագծի հանդեպ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում իսպանացիները, ընթանում են նաև բանակցություններ տարբեր ուղղություններով:

«Մեր նպատակն է վերածել Ջերմուկը զբոսաշրջային կենտրոնի տարվա բոլոր չորս եղանակների համար»,-ասել է նա: Ջերմուկի զարգացման նպատակներից մեկն է վերածել այն այլընտրանքային առողջարարական ու ձմեռային զբոսաշրջության կենտրոնի, որը կկարողանա իր տեղը զբաղեցնել համաշխարհային զբոսաշրջային ինդուստրիայում, մշակութային կենտրոնի:

Նախատեսվում է նաև քաղաքը վերածել շախմատի միջազգային մրցաշարերի անցկացման վայրի, ինչն արդեն բարի ավանդույթ է դարձել: Եվս մեկ լավ ավանդույթ է համահայկական մանկապատանեկան ճամբարի կազմակերպումը: Այսպիսով, մինչև 2012թ. Ջերմուկի զարգացման հեռանկարն է քաղաքը զբոսաշրջային կենտրոնի վերածելու հայեցակարգը, որը պահանջված կլինի տարվա բոլոր եղանակներին և կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Նախատեսվում է, որ տարեկան Ջերմուկ կայցելեն 100 հազար զբոսաշրջիկներ, իսկ դրանից ստացվող եկամուտը տարեկան կտրվածքով կհասնի 100 մլն դոլարի, ինչը կապահովի 4 հազար լրացուցիչ աշխատատեղ: