14 հոկտեմբերի 2010 - 17:43 AMT
Հոկտեմբերի 15-ին Երևանում կբացվի հայ-իրանական գործարար համաժողովը

Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և զարգացման, ինչպես նաև ՀՀ ներդրումային հնարավորությունների դիտարկման նպատակով հոկտեմբերի 15-ին Զարգացման հայկական գործակալությունում տեղի կունենա գործակալության կողմից կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովը:

Գործարար համաժողովին մասնակցելու համար Իրանից ժամանել է արդյունաբերական տարբեր ոլորտներ ներկայացնող 22 իրանական ընկերություն, որոնք գործարար հանդիպումներ կունենան հայկական ընկերությունների, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և հաղորդակցության, քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչների հետ:

Ընթացիկ տարվա հունիսի 18-ին իրանական մեծ գործարար պատվիրակություն էր ժամանել (83 ընկերություն) Հայաստան` տեղում ուսումնասիրելու տնտեսական իրավիճակը, համագործակցության հնարավոր և հեռանկարային ուղղությունները, հայտնում է Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժինը: