14 հոկտեմբերի 2010 - 18:49 AMT
Արա Նռանյան. Ալիևների ընտանիքի համար նավթից ստացած եկամուտները շատ ավելի կարևոր են, քան կասկածելի պատերազմը

Ադրբեջանը միշտ ավելացրել է և կշարունակի ավելացնել պետբյուջեն, քանի որ այնտեղ կա միջոցների ավելցուկ, սակյան նրանք ունեն նույն տնտեսական խնդիրները, ինչ Հայաստանը: Այդ մասին այսօր լրագրողներին է ասել ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: «Նրանք ևս ունենք դիվերսիֆիկացման խնդիրը, եթե մեզ մոտ գերակայում էր շինարարությունը, ապա նրանց մոտ դա նավթարդյունաբերությունն է: Ադրբեջանում ավելի սուր է անհավասար տարածքային զարգացման խնդիրը և մայրաքաղաքից հեռու գտնվող բնակավայրերում կյանքը շատ ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել»,-ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանում ռազմական բյուջեի աճին՝ նա ասել է, որ դա չի նշանակում, թե նրանք ցանկանում են պատերազմ սկսել: «Ադրբեջանի ներկա իշխանությունները դրան չեն գնա, քանի որ Ալիևների ընտանիքի համար նավթից ստացած եկամուտները շատ ավելի կարևոր են, քան կասկածելի պատերազմը: Առավել ևս, որ նրանց համար հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել, քան ռազմական գործողությունները Հարավային Օսեթիայում Վրաստանի համար»,-ասել է պատգամավորը: