15 հոկտեմբերի 2010 - 12:18 AMT
Հայ-կիպրական միջխորհրդարանական հարաբերությունները բարձր մակարդակում են

Հոկտեմբերի 14-ի կեսօրին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակութունը ժամանեց Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Արման Սահակյանը, Մարտին Սարգսյանը, Ալեքսան Պետրոսյանը:

Օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը: Կարճատև առանձնազրույցից հետո Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների նախագահները լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ: Նրանք բարձր գնահատեցին երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները, այս համատեքստում կարևորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը: Հովիկ Աբրահամյանը և Մարիոս Գարոյանը համոզմունք հայտնեցին, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն կլինի արդյունավետ և առավել կզարգացնի ու կամրապնդի երկու երկրների համագործակցությունը:

Նիկոսիայում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը այցելեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատ, մասնակցեց լիագումար նիստին: Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահին հասցեագրված ողջույնի արարողություն:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: