15 հոկտեմբերի 2010 - 14:15 AMT
Ամերիաբանկն ու IFC-ն համաձայնագիր են կնքել Միջազգային սվոպների և ածանցյալ գործիքների միավորման մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն օգնում է Ամերիաբանկին առաջին անգամ ընդգրկվելու միջազգային տոկոսադրույքի և արժույթային սվոպների (swap) գործարքների մեջ, ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման համար` նվազեցնելով փոխարժեքի և տոկոսադրույքի ռիսկերը:

IFC-ն և Ամերիաբանկն այսօր ստորագրեցին Միջազգային սվոպների և ածանցյալ գործիքների միավորման հիմնական համաձայնագիրը, որը ռիսկերի կառավարման գործարքների համար հանդիսանում է միջազգային ստանդարտ: Ըստ այդ համաձայնագրի` IFC-ն Ամերիաբանկին կտրամադրի ամերիկյան դոլարով արտահայտված տոկոսադրույքի սվոպ և բազմարժույթային սվոպներ, որով և հնարավորություն կտա բանկին ավելի լավ կառավարելու ներգրավված ֆինանսական միջոցների տոկոսադրույքի ռիսկը, ինչպես նաև եվրոյով արտահայտված ավանդային բազայի արտարժույթի ռիսկը և տրամադրելու ավանդային պրոդուկտների ավելի մեծ տեսականի իր հաճախորդներին:

«Այս գործարքը մեզ կօգնի բարելավել ռիսկերի կառավարման համակարգը, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի հետճգնաժամային ժամանակամիջոցում», ասաց Ամերիաբանկի ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Անդրեյ Շինկևիչը:

IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքն ասաց. «Սա մեր առաջին սվոպ համաձայնագիրն է Հայաստանում, և մենք ուրախ ենք, որ ապահովում ենք ֆինանսական տեխնոլոգիայի այս բարձր մակարդակը: Այն ռիսկերի կառավարման կարևոր գործիք կտրամադրի մեր վստահելի գործընկեր Ամերիաբանկին»:

Ամերիաբանկն IFC-ի հաճախորդը դարձավ 2009թ., երբ միացավ IFC-ի «Առևտրի համաշխարհային ֆինանսավորման ծրագրին»: Գործընկերությունն էլ ավելի ամրացավ 2009թ. դեկտեմբերին, երբ IFC-ն Ամերիաբանկին տրամադրեց 15 մլն ԱՄՆ դոլարի հիմնական վարկ փոքր հիդրոէլեկտրակայանների ֆինանսավորման նպատակով` զարկ տալու վերականգնվող էներգամատակարարմանը և նվազեցնելու ջերմոցային գազերի արտազատումները Հայաստանում: IFC-ն ներդրումը համալրեց խորհրդատվական ծառայություններով` օգնելու բանկին գնահատել և ուսումնասիրել ծրագրերը, ուշադրությունը կենտրոնացնելով դրանց բնապահպանական և ֆինանսական կողմերի վրա:

Հայաստանն IFC-ի անդամ է դարձել 1995թ.: Առ այսօր IFC-ն կատարել է 87 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում տնտեսության մի շարք ոլորտներում իրականացվող 18 ծրագրերում, ներառյալ` ֆինանսական շուկաները, ընդհանուր արտադրությունը, կայուն էներգետիկան, հանքարդյունաբերությունն ու քիմիական արդյունաբերությունը: IFC-ի խորհրդատվական ծառայություններն ուղղված են զարգացնելու երկրի ֆինանսական ոլորտը, ստեղծելու կայուն էներգետիկա և պարզեցնելու ենթաօրենսդրական դաշտը: