15 հոկտեմբերի 2010 - 16:46 AMT
Կձեռնարկվեն ռազմական համապատասխան միջոցառումներ Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը չեզոքացնելու համար

ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն, ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հարավ-արևելյան հատվածում խախտել են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Վիտալի Աշոտի Իգիթյանը (ծնված 1988թ.):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է դիպուկահարների միջոցով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը: Ադրբեջանի նման գործողությունները, որոնք իրականացվում են հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցկացրած դիտորդական առաքելությունից անմիջապես հետո, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հետևում շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կիմունի հորդորներին, այլև անտեսում է ադրբեջանցի դիպուկահարների կողմից նախկինում պատճառված զոհերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները` փորձելով ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության ջանքերը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ձեռնարկվելու են ռազմադիվանագիտական և ռազմական համապատասխան միջոցառումներ` հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը չեզոքացնելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Վիտալի Իգիթյանի հարազատներին, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: