18 հոկտեմբերի 2010 - 14:12 AMT
ՀՀ ԿԲ նախագահ. Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու համար հարկավոր են արմատական փոփոխություններ և կադրեր

Դիլիջանում կառուցվում է ՀՀ Կենտրոնական բանկի տարածաշրջանային հետազոտական ու ուսումնական կենտրոնը, որտեղ կանցկացվեն սեմինարներ, խորհրդաժողովներ և ծրագրեր ոչ միայն Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի, այլ նաև տարածաշրջանային մասշտաբով: Այդ մասին Երևանում ընթացող բանկիների ու ֆինանսիստների համահայկական համաժողովում, որի կազմակերպիչներն են Հայաստանի սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկն ու Հայաստանի բանկերի միությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը: Ըստ նրա, այդ ուղղությամբ արդեն պայմանավորվածություններ կան միջազգային, այդ թվում եվրոպական ու եվրասիական կառույցների հետ:

ՀՀ ԿԲ նախագահն ասել է, որ դա կլինի որպես ֆինանսական կենտրոնի Հայաստանի զարգացման առաջին քայլը: «Երբ համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծվի, կընտրվեն զարգացման հիմնական ուղղությունները»,-ասել է նա: Տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածվելու համար Հայաստանին 3 տարի կպահանջվի:

Արթուր Ջավադյանը նշել է, որ մինչ ճգնաժամը Ռուսաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի 10-15 քաղաքներ հայտարարեցին նման կենտրոնների ստեղծման մասին, սակայն դրա համար հարկավոր են արմատական փոփոխություններ և կադրերի առկայություն:

Հայաստանը ֆինանսական կենտրոնի վերածելու համար հարկավոր է ազատականացնել տնտեսությունը: «Այդ ուղղությամբ կառավարության հետ համատեղ ծրագրեր են իրականացվում, մասնավորապես, կենսաթոշակային բարեփոխումները, պարտադիր ավտոապահովագրության ներդրումը, որի արդյունքում կստեղծվեն նոր ենթակառուցվածքներ և կզարգանա ֆինանսական շուկան»,-ասել է նա: ՀՀ ԿԲ ղեկավարը նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի ֆինանսական շուկան 95 տոկոսով ներկայացված է առևտրային բանկերով ու զարգացման կարիք ունի:

Ինչ վերաբերում է բարեփոխումներին հարկային ոլորտում, ապա, ըստ նրա, այդ բարեփոխումները չեն կարող լուծել բոլոր խնդիրները, ավելին, արդեն որոշակի արտոնություններ են տրվել ինչպես ներդրողներին, այնպես էլ այն ընկերություններին, որոնք ցուցակում են անցել հայկական ֆոնդային բորսայում: «Առանց հարկերի հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը»,-ասել է Ջավադյանը:

Խորհրդաժողովի նպատակն է Բանկիրների ու ֆինանսիստների համահայկական ընկերակցության ստեղծումը: Խորհրդաժողովին մասնակցում են շուրջ 100 պատվիրակներ 10 երկրներից: