18 հոկտեմբերի 2010 - 15:32 AMT
ԶԼՄ-ների համահայկական համաժողովի անցկացումը հենց Արցախում չափազանց կարևոր նշանակություն ունեցավ

Ղարաբաղում 5-րդ համահայկական համաժողովը շատ մեծ նշանակություն ուներ, քանի որ սփյուռքի լրագրողները կարողացան ծանոթանալ հայ և արցախցի գործընկերների հետ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Օրեր» ամսագրի (հրատարակվում է Պրահայում) խմբագիր Հակոբ Ասատրյանը: Նրա խոսքերով, համաժողովը հնարավորություն է տվել լրագրողներին կապեր հաստատել: «Դա նպաստում է այն գաղափարախոսության իրագործմանը, որ Հայաստան-Սփյուռք տեղեկատվական դաշտը պետք է փոխկապակցված լինի»,- ասել է նա: Միաժամանակ նշել է, որ ՏՏ զարգացման պայմաններում շատ կարևոր է քարոզչություն իրականացնել ինտերնետ-պորտալների միջոցով, ինչպես նաև լուսաբանել Հայաստանի և Արցախի խնդիրներն արտասահմանյան ԶԼՄ-ներում: Նրա խոսքերով, եթե համաժողովի ընթացքում արծարծված հարցերի գոնե որոշ մասը մոտ ապագայում լուծվի, ապա արդյունքը դրական կլինի: «Շատ կարևոր է նաև, որ համաժողովը տեղի ունեցավ Արցախում, քանի որ դա թույլ տվեց մեզ ավելի մոտ ծանոթանալ ղարաբաղյան հիմնախնդրի հետ, ինչպես նաև հիմքեր ստեղծել հետագայում Ղարաբաղում սեփական թղթակիցներ ունենալու համար»,- ասել է Ասատրյանը: