18 հոկտեմբերի 2010 - 16:10 AMT
Հայաստանում կբացվի Սևծովյան-կասպյան տարածաշրջանի Քաղաքական հետազոտությունների նոր ինստիտուտի մասնաճյուղը

Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների նոր ինստիտուտի նպատակներից մեկը տարածաշրջանում իրադրության մոնիթորինգն ու վերլուծությունն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, հետազոտությունների աշխարհագրությունը ձգվում է Թուրքիայից մինչև Իրան` ներառյալ Կենտրոնական Ասիայի մերձկասպյան երկրները: «Մենք մտադիր ենք զբաղվել նաև պատմական հետազոտություններով, հրապարակել սոցիոլոգիական հոդվածներ: Ինստիտուտի աշխատանքի կարևոր ուղղությունը կդառնան հակամարտությունները սևծովյան-կասպյան տարածաշրջանում` աբխազական, հարավօսական և, իհարկե, ղարաբաղյան»,- նշել է Զախարովը: Նրա խոսքով, սկզբնական շրջանում կթողարկվեն թեմատիկ վերլուծական գրառումներ, կգործի ինստիտուտի կայքը: «Մենք մտադիր ենք մասնաճյուղեր բացել տարբեր երկրներում, սակայն առայժմ հստակ հայտնի է, որ դրանք անպայման կլինեն Հայաստանում և Աբխազիայում: Վրաստանի ու Ադրբեջանի հարցում, ինչպես հասկանում եք, խնդիրներ կան չլուծված հակամարտությունների ու այդ խնդիրների հանդեպ ինստիտուտի մոտեցումների հետ կապված»,- ընդգծել է Վլադիմիր Զախարովը: