18 հոկտեմբերի 2010 - 20:08 AMT
Նիկոլայ Բորդյուժա. ՀԱՊԿ-ն Ղրղզստանի ղեկավարությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում

Հոկտեմբերի 18-ին կայացավ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումը Կենտրոնական Ասիայի գործերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Սյուզան Էլիոթի հետ, որը Մոսկվա է ժամանել Ղրղզստան կատարած այցելությունից հետո խորհրդակցելու համար:

Կարծիքներ և գնահատականներ են փոխանակվել 2010 թվականի հոկտեմբերի 10-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ղրղզստանում և ընդհանրապես Կենտրոնական Ասիայում իրադրության վերաբերյալ: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել անհրաժեշտ պայմաններ ապահովել Ղրղզստանին ճգնաժամային իրադրությունից դուրս գալու և կայուն վերածնության համար: «ՀԱՊԿ-ն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում արտաքին և ներքին անվտանգության ապահովման, Ղրղզստանում հունիս ամսին տեղ գտած զանգվածային անկարգությունների հետևանքների ոչնչացման գործում հանրապետությանն աջակցելու նպատակով»,- ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը: Նա տիկին Սյուզան Էլիոթին նաև տեղեկացրել է իր պատասխանատվության գոտում ահաբեկչությանը, ծայրահեղականությանն ու թմրադեղերի ապօրինի շրջանառությանը դիմակայելու ՀԱՊԿ ընդհանուր գործունեության մասին:

Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հաշվի առնելով աֆղանական գործոնը, հարկավոր է Կենտրոնական Ասիայում և հարևան երկրներում ահաբեկչության ու թմրադեղերի շրջանառության դեմ պայքարում ավելի սերտ և լայն համագործակցության ուղիներ փնտրել` ելնելով անկայունության նոր պոռթկումներ թույլ չտալու շահերից, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: