19 հոկտեմբերի 2010 - 18:06 AMT
Արթուր Ջավադյան. Համահայկական բանկը կսկսի գործել 2011թ. սկզբին

Համահայկական բանկը կֆինանսավորի համահայկական ծրագրեր, ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և հրավիրել է Սփյուռքի ֆինանսական և գործարար միջավայրի ներկայացուցիչներին մասնակցել բանկի կայացմանը: «Նախնական կանոնադրական կապիտալը կլինի 100 մլն դոլար, իսկ Հայաստանը կներդնի 20 մլն դոլար, սակայն ժամանակի հետ մենք դուրս կգանք բանկի կապիտալից և կթողնենք այն մասնավոր անձանց: Այս պահի դրությամբ մենք բանակցում ենք բոլոր միջազգային ֆինանսական կառույցների հետ՝ ապահովելու համար նրանց մասնակցությունը բանկի կապիտալին»,-ասել է ՀՀ ԿԲ նախագահը:

Նա հավելել է, որ առաջիկա օրերին կնշանակվի բանկի նախագահը և միջազգային փորձագետների օգնությամբ կմշակվի բիզնես-պլան: «Ես վստահ եմ, որ եթե ոչ ընթացիկ տարվա ավարտին, ապա հաջորդի սկզբին Համահայկական բանկը կսկսի գործել»,-ասել է Ջավադյանը:

Ըստ նրա, Համահայկական բանկը զարգացման բանկ է լինելու, իսկ ֆինանսավորման գերակա ուղղությունները կլինեն զբոսաշրջությունը, առողջապահությունը, ֆինանսական ոլորտը, ենթակառուցվածքներն ու կրթության ոլորտը: «Եթե որևէ ձեռնարկատեր որոշի հյուրանոց կառուցել Վանա լճի ափին, մենք կֆինանսավորենք նրան»,-ասել է նա: