19 հոկտեմբերի 2010 - 18:55 AMT
Հայաստանում ԱՄՆ դեսպանը տարօրինակ չի՞ համարում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն օգտագործում է Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը

Ֆիլադելֆիայում, Դեթրոյթում, Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում կայացած հանդիպումների ընթացքում տեղի է ունեցել բավական օգտակար և հետաքրքիր շփում տեղի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ` հայ-թուրքական հարաբերություններից մինչև ժողովրդավարության հարցեր և Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ: «Հայկական համայնքը շատ շահագրգռված է այդ հարցերով և ընդհանրապես այն ամենով, ինչ տեղի է ունենում Հայաստանում»,- ասել է դեսպան Յովանովիչը:

ԱՄՆ դեսպանը պատասխանել է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության վերաբերյալ հարցին, որում ԼՂ մայրաքաղաքի անունը հնչել է ադրբեջաներենով` «Խանկենդի»: «Դա փոփոխություն չէ, միջնորդներն օգտագործել են այդ անվանումը նաև նախկինում»,- ասել է Յովանովիչը:

Ադրադառնալով Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցին` նա պատասխանել է . «Մեթյու Բրայզան վայելում է նախագահի և պետքարտուղարի լիակատար վստահությունը: Հուսով ենք, որ նա կհաստատվի: Սակայն կրկնում եմ, դա պետք է որոշի ԱՄՆ Սենատը»: