Արցախը կարևորում է «The HALO TRUST»-ի դերակատարությունը երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովման ասպարեզում

Արցախը կարևորում է «The HALO TRUST»-ի դերակատարությունը երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովման ասպարեզում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է բրիտանական «The HALO TRUST» ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Ռոլի Քլարկին և նույն ծրագրի գործողությունների գծով կառավարիչ Յուրի Շահրամանյանին:

Զրույցի ժամանակ ծրագրի ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում «The HALO TRUST»-ի առաքելության ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև առկա խնդիրները: Մասնավորապես, նրա հաղորդմամբ, անցած տասը տարում չպայթած ականներից և այլ զինամթերքից վնասազերծվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 4000 հա տարածք, ականազերծման կարիք ունի ևս ավելի քան 1000 հա տարածք: Որպես կարևոր ձեռքբերում նա հատկապես ընդգծեց ականների և այլ զինամթերքի պայթյուններից տուժած բնակիչների թվի նվազումը:

Միևնույն ժամանակ, նշեց նա, կառույցն ունի իր խնդիրները` կապված, մասնավորապես, ծրագրի ֆինանսավորման հետ: Ծրագրի ղեկավարի հաղորդմամբ` ֆինանսական շրջանակների ընդլայնման դեպքում կազմակերպությունը կարող է սեղմ ժամկետներում ավարտել վնասազերծման աշխատանքները:

Իր հերթին` ԱԺ նախագահը, կարևորելով «The HALO TRUST»-ի դերակատարությունը երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովման ասպարեզում, հավաստիացրեց, որ ԼՂՀ իշխանությունները, այդ թվում` օրենսդիր մարմինը, պատրաստ են այսուհետ ևս ուղիներ և միջոցներ որոնել` հնարավորինս նպաստելու համար նրա նախաձեռնած մարդասիրական ծրագրի լիարժեք իրականացմանը, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---