21 հոկտեմբերի 2010 - 14:41 AMT
Բագրատ Ասատրյանը կանխատեսում է, որ մինչև տարեվերջ Հայաստանի քաղաքացիներն ավելի երջանիկ չեն դառնա

Հայաստանի 2011թ. բյուջեն լավագույնը չէ երկրի պատմության մեջ, այն չի կարող որևէ սկզբունքային խնդիր լուծել, գտնում է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Հաջորդ տարվա ավարտին Հայաստանի քաղաքացիներն ավելի երջանիկ չեն դառնա, իսկ մարդիկ, որոնք չեն կարող հաշտվել մեր իրողությունների հետ, երջանկություն կորոնեն արտերկրում, քանի որ հայրենիքը չի կարող կյանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,-ասել է նա:

Ըստ Ասատրյանի, 2011թ. բյուջեով կրթության ոլորտի ծախսերը կկրճատվեն 14,5 տոկոսվ, իսկ գյուղատնտեսության ոլորտի համար՝ 42,4 տոկոս: Բացի այդ, սոցիալական ծախսերը կավելանան ընդամենը 7,7 տոկոսով, այն դեպքում, երբ գնաճը 9 ամսվա արդյունքում կազմում է 7,8 տոկոս: «Դա նշանակում է, որ կենսաթոշակառուները ավելի լավ չեն ապրի, այլ առնվազն 0,1 տոկոսով ավելի վատ կապրեն»,-ասել է նա:

Ասատրյանը գտնում է նաև, որ կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում ձախողվել են, ինչպես բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք ծառացած են ներկա իշխանությունների առջև: «Որոշվեց, որ ընթացիկ տարում կընդունվեն բոլոր համապատասխան օրենքները, իսկ 2011թ. կսկսեն գործել կուտակային հիմնադրամները, կգործեն պարտադիր ու կամավոր կենսաթոշակային համակարգերը: Քննարկումների արդյունքում պարտադիր համակարգը հետաձգվեց 3 տարով, այսինքն արմատական բարեփոխումները հետաձգվեցին, քանի որ մեր կառավարությունն ի զորու չէ լուրջ խնդիրներ լուծել»,-ասել է ԿԳ նախկին նախագահը: