Թորբյորն Յագլանդ. Հայաստանի ընտրած բարեփոխումների ուղին ճիշտ է, բայց որոշ բարեփոխումների տեմպերը բավարար չեն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը և ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը Ազգային ժողովում հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Նաիրա Զոհրաբյանը Թորբյորն Յագլանդի խնդրանքով ներկայացրեց ԵԽԽՎ վերջին բանաձևերում առկա մտահոգություններին ընդառաջ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը` նշելով այն ոլորտները, որտեղ բարեփոխումներ են իրականացվում: ԵԽ Գլխավոր քարտուղարը կարծիք հայտնեց, որ ճիշտ է Հայաստանի ընտրած բարեփոխումների ուղին, բայց որոշ բարեփոխումների տեմպերը բավարար չեն: Նաիրա Զոհրաբյանը, համաձայնելով Թորբյորն Յագլանդի դիտարկմանը, նշեց այն ոլորտները, որտեղ նախաձեռնված են խորքային բարեփոխումներ: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանի ապագան ամուր և ժողովրդավար պետություն կառուցելն է և նաև Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ մեր երկիրը հույս ունի իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որոնք արձանագրված են ԵԽԽՎ վերջին զեկույցներում:

ԵԽ Գլխավոր քարտուղարին հետաքրքրում էր կարևորագույն երկու խնդիր` կալանավորված անձանց և մամուլի ազատության խնդիրները: ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը համապարփակ տեղեկատվություն տրամադրեց այդ խնդիրների վերաբերյալ` հատկապես անդրադառնալով «Ա1+»-ի խնդրին: Կողմերը հույս հայտնեցին, որ դեկտեմբերին կայանալիք մրցույթին կհաղթեն իրապես արժանավորները:

ԵԽ Գլխավոր քարտուղարին հետաքրքրում էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այն պահին, երբ Թուրքիայում կլինի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առանց որևէ նախապայմանի շարունակելու պատրաստ քաղաքական իշխանություն, Հայաստանը պատրաստ կլինի շարունակելու այս պահին ՀՀ ԱԺ-ում առկախված արձանագրությունների վավերացման գործընթացը:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը նշեց, որ Հայաստանը ԵԽ-ին լիարժեք ինտեգրված պետություն է և նկատելի են ՀՀ իշխանությունների` մեր երկրում ժողովրդավարությունը զարգացնելու ձգտումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև այլ հարցերի:

Նույն օրը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպեցին նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով հայ խորհրդարանականներն անդրադարձան Հայաստանի քաղաքական զարգացումներին: Արմեն Ռուստամյանը ներկայացրեց իր տեսակետը ԵԽԽՎ 1609, 1620, 1643 և 1677 բանաձևերի կատարման ընթացքի վերաբերյալ: Արմեն Ռուստամյանը կարևորեց ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոնք, նրա համոզմամբ, ժողովրդի շրջանում կբարձրացնեն վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ և հասարակությանը զերծ կպահեն հետընտրական ճգնաժամերից: ՀՅԴ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենք ներկայացրել են ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ առաջարկների փաթեթ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր խոսքում անդրադարձավ կալանավորված անձանց խնդիրներին, մարտիմեկյան դեպքերի պատասխանատուների բացահայտմանը և հետաքննության շարունակությանը, ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---