22 հոկտեմբերի 2010 - 16:37 AMT
Մամեդյարովը, մեղադրելով Հայաստանին ստելու մեջ, «մոռացել է», թե որ հանրապետության իրավահաջորդն է այսօրվա Ադրբեջանը

«Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կլինի ամենամեծ սխալը միջազգային իրավունքի տեսակետից, քանի որ, երբ խոսք է գնում անկախության ճանաչման մասին, առաջին հերթին, հղում են անում որևէ սահմանի»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը «Միջազգային հարաբերությունների մասնագետների սիմպոզիումի» ժամանակ: Ըստ նախարարի, «Ադրբեջանի անկախությունը ճանաչված է նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սահմաններում»:

«ՄԱԿ-ն ընդունեց դա. Լեռնային Ղարաբաղը հանդիսանում էր Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մի մասը: Միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններում է Ադրբեջանն անդամակցել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽ-ին և այլն: Այսինք, երբ հայերը, երբեմն, ասում են, թե Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, նրանք սխալվում են»,-ասել է Է.Մամեդյարովը, հաղորդում է 1news.az-ը:

Հավանաբար, Մամեդյարովը «մոռացել է», որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց իրեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության, ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը: Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին սահմանդրական ակտի 2-րդ հոդվածում ասվում է. «Ադրբեջանական Հանրապետությունը 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդն է»: Իսկ Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության 94 տոկոսը հայեր էին, ՌԿԿ (բ) ԿԿ Կավբյուրոյի 1921թ. որոշմամբ ընդգրկվեց Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն: