5 հուլիսի 2001 - 20:53 AMT
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
. ԼՂՀ, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության եւ Հարավային Օսիայի Հանրապետության արտգործնախարարներն Ստեփանակերտում կայացած հանդիպման վեռջին օրը ստորագրեցին համագործակցության եւ այդ երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ արձանագրություններ: Փաստաթղթերը նախատեսում են խորհրդատվությունների պարբերական անցկացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, մասնավորապես, ընդհանուր դիվանագիտական, իրավական, կադրերի ու ռեսուրսների զարգացման եւ այլ ոլորտների շուրջ: Ինչպես նշվում է արձանագրություններում, կողմերն ընդունում են Ստեփանակերտ, Տիրասպոլ եւ Ցխինվալ քաղաքներում Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի լիազոր ներկայացուցչություններ հիմնելու անհրաժեշտությունը: Տարեկան առնվազն մեկ անգամ կհրավիրվեն հանդիպումներ` ստորագրված արձանագրությունների իրացման գործընթացը քննարկելու համար: Աբխազիայի հետ համանման արձանագրություն կստորագրվի արտգործնախարարների հաջորդ խորհրդակցության ժամանակ: