Մեկնարկել է Հայաստանի վարչապետի այցը Եկատերինբուրգ

Մեկնարկել է Հայաստանի վարչապետի այցը Եկատերինբուրգ

PanARMENIAN.Net - Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։ Կառավարության ղեկավարը Եկատերինբուրգ է մեկնել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 12-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Վարչապետի գլխավորած պատվիրակությանը Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ Իգոր Լևիտինը, Եկատերինբուրգի մարզի նահանգապետ Ալեքսանդր Միշարինը և «Կոլցովո» միջազգային օդանավակայանի տնօրեն Եվգենի Չուդնովսկին։ Դիմավորման արարողությունից հետո Եվգենի Չուդնովսկին ՀՀ վարչապետին և Իգոր Լևիտինին ներկայացրել է օդանավակայանի նորակառույց շենքը։

Այնուհետև կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Եկատերինբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են համայնքի անդամ գործարարները։ «Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է ուղղակիորեն ներկայացնելու մեր պատկերացումներն ու այն իրողությունները, որոնք կան մայր հայրենիքում քաղաքական, տնտեսական ու սոցիալական առումներով, ինչպես նաև իմանալ ձեր կարծիքներն ու մտահոգությունները և հասկանալ, թե ինչպես պետք է ամրապնդենք համայնքի կապը մայր հայրենիքի հետ»,- ողջույնի խոսքում հայտնել է վարչապետը: Նա ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած քայլերն ու հակաճգնաժամային ծրագիրը։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած ճգնաժամի իրողություններին, կառավարությանը հաջողվել է իրականացնել բոլոր սոցիալական պարտավորությունները։ Արձանագրվել է տնտեսության վերականգնում և տնտեսական աճի ցուցանիշն այս տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով կազմել է 2.8%։ Կառավարության ղեկավարը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ռուսական համագործակցությանը, Ռուսաստանի դաշնություն գյուղատնտեսական մթերքների արտահանման հնարավորություններին, տարածաշրջանների մակարդակով հայ ռուսական հարաբերությունների ամրապնդման հնարավորություններին, Հայաստանի տնտեսության զարգացման մոդելի ընտրությանը, հայապահպանության ու հայրենասիրական դաստիրակակության կարևորությանը և այլն։

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---