Գյումրին նշում է «Քաղաքի օրը»

PanARMENIAN.Net - Գյումրու Վարդանանց հրապարկում երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը մասնակցեց «Քաղաքի օր» տոնակատարությանը, որն արդեն ավանդական է դարձել: Գյումրու ավագանու որոշմամբ այն անցկացվում է ամեն տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սկսած 2003թ.: Տոնական զարդարված Գյումրին այդ օրը նշում է համերգային մեծ ծրագրով, որին մասնակցում են ինչպես գյումրեցի կատարողներ, այնպես էլ մայրաքաղաքից հրավիրված արվեստի գործիչներ:

Տոնակատարության շրջանակներում Գյումրին մեծարում է իր լավագույն հայրենակիցներին՝ պարգևատրելով նրանց «Վարպետի» ոսկյա կրծքանշանով, «Պատվավոր քաղաքացի» և այլ պատվավոր կոչումներով: Այս տարի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին, ՌԴ Հարավային ֆեդերալ տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանին: «Վարպետի» կրծքանշանով պարգևատրվել են ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը, «Համայնապատկեր» գրական-մշակութային հանդեսի հիմնադիր-խմբագիր, բանաստեղծ Սարո Գյոդակյանը և դարբին Սերյոժա Մանուկյանը:

Սերժ Սարգսյանը Շիրակի մարզ այցելության շրջանակներում այցելել է Գյումրիի քաղաքապետարանի նորակառույց վարչական շենք: Շենքի ընդհանուր օգտակար մակերեսը կազմում է շուրջ 8100 քմ, փաստացի ծախսերը՝ 1,55 մլրդ դրամ, որից պետական բյուջեից հատկացվել է ընդամենը 625 մլն դրամ: Մնացորդային աշխատանքների արժեքը շուրջ 180 մլն դրամ է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---