Արա Սիմոնյան. Հայաստանի տարածքում ՆՎԳ շինարարության ծրագիրը հետաձգվել էր ճգնաժամի պատճառով

PanARMENIAN.Net - Նավթի վերամշակման գործարանի (ՆՎԳ) ծրագիրը եռակողմ է` Հայաստանի Էներգետիկայի նախարարություն, Գազպրոմ և Իրանի Նավթի նախարարություն, և սկսել է քննարկվել դեռևս 2007 թվականին: Այդ մասին պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովներում 2011 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով, քննարկումների արդյունքում հիմնական խնդիրը, որը չլուծված է մնում, հումքի մատակարարման ընդունելի սխեմաների և երկարաժամկետ մատակարարումների ապահովման հարցն է: «Այս կապակցությամբ որոշում ընդունվեց առայժմ իրականացնել այդ ծրագրի առաջին փուլը, որը կապված է պատրաստի նավթամթերքի ներկրման հետ: Ծրագիրն իրականացվում է Հայաստան-Իրան երկկողմանի ձևաչափով, և ծրագրվում է, որ Հայաստանի վարչապետի Իրան կատարելիք այցի շրջանակներում այդ ուղղությամբ առաջընթաց կարձանագրվի»,- ասել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի տեղակալը: Նա ավելացրել է նաև, որ արդեն ստորագրվել է բաժնետերերի համաձայնագիրը, և ծրագիրը պետք է մեկնարկի այս տարվա ընթացքում` օրակարգից չհանելով ՆՎԳ շինարարությունը, եթե լուծվեն երկարաժամկետ մատակարարումների ու լոգիստիկայի հետ կապված բոլոր հարցերը:

«Այս ծրագրի արժեքը մի քանի միլիարդ դոլար է կազմում, ուստի այն հետաձգվել էր ճգնաժամի պատճառով, բայց չէր փակվել: Ինչ վերաբերում է նավթամթերքի մատակարարմանը, ապա դա միանգամայն իրատեսական ծրագիր է, որը կարող է իրագործվել մոտ ժամանակներս»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ Թավրիզից մինչև Արագած նավթատարի երկարությունը կազմում է մոտ 110 կմ Իրանի տարածքում և 265 կմ Հայաստանի տարածքում: Արա Սիմոնյանը հաղորդել է, որ Արագածի մոտակայքում տերմինալ է կառուցվում, որը թույլ կտա 10-12 օրվա համար ապահովել նավթամթերքի սպառման հանրապետական պաշարը: Նրա խոսքով, վերջին քննարկումների արդյունքում խոսքը գնալու է 8 դյույմ տրամագծով խողովակաշարի շինարարության մասին, որը միանգամայն բավական է մինչև 2037 թվականը Հայաստանի ներքին սպառումն ապահովելու համար:

«Ապագայում, երբ ՆՎԳ-ն կառուցված լինի, նույն այդ խողովակաշարով հնարավոր կլինի հումքի ռեվերս իրականացնել առանց լրացուցիչ ծախսերի: Մենք ակնկալում ենք նաև այդ հարցը կոնկրետացնել վարչապետի պավիրակության Իրան կատարալիք այցի ընթացքում»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---