26 հոկտեմբերի 2010 - 10:24 AMT
Թեհրանում տեղի ունեցող մամուլի ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը դարձել է ադրբեջանական ագրեսիայի թիրախը

Իրանում տեղի ունեցող մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնում Հայաստանը ներկայացնում են PanARMENIAN.Net գործակալությունը և «Ազգ» օրաթերթը:

Միջազգային համաժողովները և ցուցահանդեսները վաղուց ադրբեջանական կողմից օգտագործվում են որպես Հայաստանի հետ հարաբերությունները պարզելու և հակահայկական քարոզչությունը տարածելու ամենահարմար ձևաչափ: Մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնը բացառություն չէր: Հոկտեմբերի 25-ին ցուցահանդեսի բացման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները հերթական անգամ ցույց են տվել, որ չեն կարող խնդիրները լուծել քաղաքակիրթ ճանապարհով կամ երկխոսության միջոցով:

Ցուցահանդեսում Հայաստանը, որը ներկայացնում են PanARMENIAN.Net գործակալությունը և «Ազգ» օրաթերթը, մյուս մասնակից երկրների նման ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ վահանակի վրա տեղադրված էր նաև Արցախի խորհրդանիշի` «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի լուսանկարը` որպես Հայաստանի գեղատեսլի վայրերից մեկը: Հայկական կողմի նման նախաձեռնությունն ակնհայտորեն ադրբեջանական պատվիրակության սրտով չի եղել: Այն ժամանակ, երբ PanARMENIAN.Net-ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները պատրաստել են հայկական տաղավարի բացումը, ադրբեջանական խումբը հետևել է նրանց աշխատանքին: Այն բանից հետո, երբ վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբից նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն: Պետք է նշել, որ իրենց շահերը պաշտպանելու համար ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները օգնության են կանչել թուրքական պատվիրակությանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են հոգեպես անհավասարակշիռ ադրբեջանցուն հեռու տանել հայկական տաղավարից, սակայն նրա պահվածքն արդեն հասցրել է գրավել ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցների ուշադրությունը:

Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ նրանք տեղեկացված չեն եղել, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Այդ լուսանկարը հանելու հարցը հիմա քննարկում է իրանական կողմը:

Ցուցահանդես-փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 31-ը: Հայաստանն այդ ցուցահանդեսում ներկայացնող PanARMENIAN.Net-ի թղթակիցը հետևելու է իրավիճակի զարգացմանը: