«Պոպոք» գովազդի փառատոնը մոտ 400 հայտ է ստացել

«Պոպոք» գովազդի փառատոնը մոտ 400 հայտ է ստացել

PanARMENIAN.Net - «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի հանդեպ հետաքրքրությունը գերազանցեց կազմակերպիչների սպասումները, հոկտեմբերի 26-ին լրագրողներին է հաղորդել «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի կազմկոմիտեի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: «Մենք անգամ 200 աշխատանք չէինք ակնկալում, սակայն մրցույթին ներկայացվել են մոտ 400 աշխատանք աշխարհի տարբեր երկրներից, և հայտերի մեծամասնությունն արտասահմանյան հեղինակներից է, մինչդեռ տեղական ընկերությունները մոտ 170 աշխատանք են ներկայացրել»,- ասել է նա: Փառատոնի կազմակերպիչները որոշել են ընդառաջ գնալ հայկական ընկերություններին, որոնք ուշացել են հայտերի ներկայացման ժամկետից, և ընդունելությունը երկարացրել են ևս երկու օրով:

«Չորս տարի առաջ մենք գովազդի ֆակուլտետ բացեցինք Ռուս-հայկական Սլավոնական Համալսարանում: Հաջորդ քայլը կլինի այս մրցույթը»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, մինչ այդ տարածաշրջանում գովազդի փառատոն անցկացվել էր 2000 և 2001 թվականներին Վրաստանում, ինչը զգալի կերպով անդրադարձավ հարևան հանրապետությունում գովազդի շուկայի զարգացման վրա: Հոկտեմբերի 29-ին` ժամը 16:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում մրցութային աշխատանքները կցուցադրվեն բոլոր ցանկացողներին:

Փառատոնի կարևորն մասն են խոստանում դառնալ գովազդի առաջատար մասնագետների վարպետության դասերը, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 27-30-ը: Վարպետության դասերին մասնակցելու են հրավիրվում խոշոր և միջին ձեռնարկությունների մարքեթինգային բաժինների աշխատակիցներ, գովազդ ստեղծողներ, ԶԼՄ-ներում գովազդի համար պատասխանատուներ, ձեռնարկությունների առաջին դեմքեր: Գովազդի այնպիսի գուրուների, ինչպիսիք են Թոնի Թեյլորը, Իգոր Գանժան, Սամվել Ավետիսյանը, Պավել Եգորովը, Անդրեյ Պուրտովը, Ալի Աթիֆ Բիրը և Ալեքսեյ Անդրեևն ու Յուրկո Գուցուլյակը, վարպետության դասերի տոմսերն արժեն 2000 դրամ: Հայկական բուհերի ուսանողների համար գործում է 50% զեղչ: Վարպետության դասերի տոմսերը զեղչված գնով կկարողանան ձեռք բերել նաև նրանք, ովքեր միանգամից մի քանի սեմինարի տոմսեր կգնեն:

«Պոպոք»գովազդի միջազգային փառատոնն առաջին անգամ տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30: : Փառատոնի մրցութային ծրագիրը բաղկացած է 6 անվանակարգերից (Ռադիոգովազդ, Հեռուստագովազդ, Ինտերնետ գովազդ, Տպագիր գովազդ, Մարքեթինգային արդյունավետություն, Գրաֆիկական դիզայն), որոնցից յուրաքանչյուրը բաժանվում է երկու ենթակարգերի` կոմերցիոն և սոցիալական:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---