27 հոկտեմբերի 2010 - 15:12 AMT
Ադրբեջանական սադրանքն անարդյունք եղավ՝ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանի լուսանկարն իր նախկին տեղում է

Հայկական տեղեկատվական վահանակը Իրանում ընթացող մոմուլի ու լրատվական գործակալությունների 17-րդ միջազգային փառատոնում, որտեղ Հայաստանն այս տարի ներկայացնում են PanARMENIAN.Net-ն ու «Ազգ» օրաթերթը, վերականգնվել է իր սկզբնական տեսքով: Արցախի խորհրդանիշ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանի լուսանկարը զբաղեցրել է իր նախկին տեղը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Թեհրանից, Իրանում Հայաստանի դեսպան Գրրգոր Առաքելյանը Իրանի ԱԳՆ-ում պատմել է ադրբեջանական պատվիրակության սադրիչ գործողությունների մասին և իր վրդովմունքն է հայտնել այդ առնչությամբ՝ սահմանափակվելով բանավոր նոտայով: Իրանական կողմը հավաստիացրել է դեսպանին, որ համաժողովի հայ մասնակիցների անվտանգությունը երաշխավորված է ամենաբարձր մակարդակով:

Իրանական կողմը պարտավորվել է նաև թույլ չտալ ադրբեջանցիներին մոտենալ հայկական տաղավարին: Ցուցահանդեսի մասնակիցները տարբեր երկրներից, մասնավորապես, Ղազախստանից, Ռուսաստանից, իրենց աջակցությունը հայտնեցին հայկական պատվիրակությանը՝ հավաստիացնելով, որ տուն դառնալուն պես անպայման կգրեն Ադրբեջանի ներկայացուցիչների վարքագծի մասին:

Ցուցահանդեսում, Հայաստանը, ինչպես նաև այլ մասնակից երկրներ, ներկայացված է առանձին տաղավարով, որտեղ վահանակի վրա տեղադրվել էր Արցախի խորհրդանիշ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանի լուսանկարը՝ որպես Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը: Հայկական կողմի նման նախաձեռնությունն ակնհայտորեն ադրբեջանական պատվիրակության սրտով չի եղել: Այն ժամանակ, երբ PanARMENIAN.Net ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները պատրաստել են հայկական տաղավարի բացումը, ադրբեջանական խումբը հետևել է նրանց աշխատանքին: Այն բանից հետո, երբ վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբից նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն: Պետք է նշել, որ իրենց շահերը պաշտպանելու համար ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները օգնության են կանչել թուրքական պատվիրակությանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են հոգեպես անհավասարակշիռ ադրբեջանցուն հեռու տանել հայկական տաղավարից, սակայն նրա պահվածքն արդեն հասցրել է գրավել ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցների ուշադրությունը:

Հաջորդ օրվա առավոտյան PanARMENIAN.Net-ի ու «Ազգ» օրաթերթի թղթակիցները, մոտենալով հայկական տաղավարին, հայտնաբերեցին, որ լուսանկարը հանվել է վահանակից: Սակայն հայկական կողմի ներկայացուցիչները ցույց էին տալիս այդ լուսանկարը տաղավարի այցելուներին: