27 հոկտեմբերի 2010 - 21:24 AMT
Եմեն-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Այսօր պարզ դարձավ, որ նոյեմբերի 17-ին նախատեսված հանդիպումը Հայաստանի և Եմենի ազգային հավաքականների միջև չի կայանա: Ինչպես հայտնել է «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այդ հանդիպմանը պետք է նախապատրաստվեին հիմնականում «Փյունիկի» ֆուտբոլիստները, ովքեր հոգնածություն են կուտակել երկար մրցաշրջան անցկացնելուց հետո, բացի այդ մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: «Թիմին չեն կարողանա միանալ նաև Ռոման Բերեզովսկին և Հենրիխ Մխիթարյանը, ուստի մեզ համար ավելի նպատակահարմար է խաղալ փետրվարին, որպեսզի լավագույնս նախապատրաստվենք Ռուսաստանի ընտրանու հետ կարևորագույն հանդիպմանը»,- նշել է նա:

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Բարձրագույնխմբի առաջնության«Ուլիս» - «Փյունիկ» հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 17-ին նախատեսված է ընկերական հանդիպում անցկացնել Եմենի ընտրանու հետ:

2012թ. Եվրոպայի առաջնությանՀայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա 2011թ. մարտի 26-ին: