28 հոկտեմբերի 2010 - 11:59 AMT
Հայաստանի պատվիրակությունը մտադիր է բոյկոտի ենթարկել Իրանում ընթացող մամուլի փառատոնը

PanARMENIAN.Net-ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները, որոնք ներկայացնում են Հայաստանը Թեհրանում ընթացող մամուլի և տեղեկատվական գործակալությունների ցուցահանդես-փառատոնում, որոշում են ընդունել բոյկոտել ցուցահանդեսը: «Քանի որ իրանական կողմը չի կատարել իր խոստումը և չի վերադարձրել «Մենք ենք` մեր սարերը» հայկական հուշարձանի լուսանկարը տաղավարի վահանակին, դրա փոխարեն տեղադրելով Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների լուսանկարը, ապա մենք բոյկոտի ենք ենթարկում ցուցահանդեսը: Հայաստանի պատվիրակությունը կբաժանի հայտարարության տեքստը համաժողովի բոլոր մասնակիցներին: Մենք մտադիր ենք նաև շուտով փակել Հայաստանի տաղավարը»,- հայտարարել է PanARMENIAN.Net-ի թղթակից Եկատերինա Պողոսյանը:

Հայտարությունում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի գործընկերներ, մենք` մամուլի և տեղեկատվական գործակալությունների ցուցահանդես-փառատոնում Հայաստանը ներկայացնող PanARMENIAN.Net գործակալության և «Ազգ» օրաթերթի թղթակիցներս, ներողություն ենք խնդրում, որ չենք կարող շարունակել մեր մասնակցությունը ցուցահանդեսին նրա անբավարար կազմակերպվածության պատճառով: Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ հենց մամուլի ցուցահանդեսում է ոտնահարվում ԶԼՄ-ների ազատությունը, մասնավորապես, առանց պատճառների սահմանափակումներ են դրվում մեր երկիրը ներկայացնող նյութերի վրա: Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում այն փաստի առնչությամբ, որ կազմակերպիչները խոչընդոտում են «Մենք ենք՝ մեր սարերը» հայկական հուշարձանի լուսանկարը հայկական տաղավարի վահանակին փակցնելուն: Այսպիսով, կազմակերպիչները տեղի են տալիս ադրբեջանական պատվիրակության սադրանքին, որն առիթը բաց չի թողնում ցուցահանդեսը հակահայկական քարոզչության համար օգտագործելու և բնիկ հայկական տարածքի` Արցախի նկատմամբ անհիմն նկրտումներ առաջադրելու համար: Քանի որ կազմակերպիչները չեն կատարել իրենց խոստումը «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանի լուսանկարը հայկական տաղավարի վահանակին կրկին փակցնելու մասին, մենք հնարավոր չենք համարում հայկական կողմի հետագա մասնակցությունն այս միջոցառմանը»:

Ցուցահանդեսում, Հայաստանը, ինչպես նաև այլ մասնակից երկրներ, ներկայացված է առանձին տաղավարով, որտեղ վահանակի վրա տեղադրվել էր Արցախի խորհրդանիշ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանի լուսանկարը՝ որպես Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը: Հայկական կողմի նման նախաձեռնությունն ակնհայտորեն ադրբեջանական պատվիրակության սրտով չի եղել: Այն ժամանակ, երբ PanARMENIAN.Net ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները պատրաստել են հայկական տաղավարի բացումը, ադրբեջանական խումբը հետևել է նրանց աշխատանքին: Այն բանից հետո, երբ վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբից նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն: Պետք է նշել, որ իրենց շահերը պաշտպանելու համար ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները օգնության են կանչել թուրքական պատվիրակությանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են հոգեպես անհավասարակշիռ ադրբեջանցուն հեռու տանել հայկական տաղավարից, սակայն նրա պահվածքն արդեն հասցրել է գրավել ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցների ուշադրությունը:

Հաջորդ օրվա առավոտյան PanARMENIAN.Net ի ու «Ազգ» օրաթերթի թղթակիցները, մոտենալով հայկական տաղավարին, հայտնաբերեցին, որ լուսանկարը հանվել է վահանակից: Սակայն հայկական կողմի ներկայացուցիչները ցույց էին տալիս այդ լուսանկարը տաղավարի այցելուներին: