28 հոկտեմբերի 2010 - 16:03 AMT
Լևոն Շիրինյան. Բաքվի կողմից ագրեսիայի շարունակության դեպքում, Երևանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումներն արդեն ստանդարտ են դարձել և պատահական չէ, որ մարդիկ ասում են, թե դա ընդամենը հերթական հանդիպում է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ մեկնաբանելով Աստրախանում կայացած եռակողմ հանդիպումը: Նա նշել է, որ այդ հանդիպումների համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչ է ուզում Ռուսաստանը: Ըստ նրա, եթե Մոսկվան ցանկանար լուծել այս հարցը, վաղուց լուծած կլիներ: «Ես գտնում եմ, որ ՌԴ-ն չի ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծվի»,-ասել է Շիրինյանը:

Մեկնաբանելով այն փաստը, որ յուրաքանչյուր նման հանդիպումից առաջ կամ հետո Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ադրբեջանական կողմն իրեն ծայրահեղ ագրեսիվ է պահում, իսկ արդյունքում մարդիկ են զոհվում, փորձագետն ասել է, որ Հայաստանը չպետք է հանդուրժի դա և պետք է իրավիճակը ներկայացնի ՄԽ համանախագահներին: Այս համատեքստում Շիրինյանն ասել է, որ հայկական կողմը պետք է հայտարարի, որ եթե Բաքվի կողմից ագրեսիան շարունակվի, Երևանը դուրս կգա բանակցային գործընթացից: