29 հոկտեմբերի 2010 - 16:04 AMT
Բորիս Գրեբենշչիկով. Մենք նվագում ենք այն, ինչ «Աստված է կամենում»

Բորիս Գրեբենշչիկովի և «Ակվարիում» խմբի համերգը տոն կդառնա ոչ միայն երևանցիների, այլև հենց երաժիշտների համար: Այդ մասին երգիչը հաճախ է հայտարարել զանազան հարցազրույցների ու մամլո ասուլիսների ժամանակ: «Մեզ համար կարևորն այսքան տարի անց վերջապես Երևանում ելույթ ունենալն է: Մենք (այսինքն «Ակվարիումը») երկար տարիներ երազում էինք համերգով հանդես գալ Երևանում և, վերջապես, մեզ նման հնարավորություն ընձեռվեց»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել խմբի ղեկավար Բորիս Գրեբենշչիկովը: «Ակվարիումի» համերգը Երևանում կկայանա հոկտեմբերի 31-ին: Համերգի կազմակերպիչը ՇԱՐՄ Հոլդինգն է:

Ինքը երգիչը չի բացառել նաև ևս մի քանի համերգների անցկացումը: «Մենք ուրախ կլինենք վերադառնալ ու էլի համերգներ տալ, որովհետև ես վաղուց եմ սիրում Հայաստանը: Բացի դրանից մենք շատ ընկերներ ունենք Երևանում»,- նշել է նա: Երգիչն իր ավագ ընկերն ու եղբայրն է համարում դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանին, որի հետ ինքը ելույթ է ունեցել մի բեմում և աշխատել մի քանի երգերի շուրջ: Ես միշտ ուրախ եմ նրա հետ մեկ բեմում հայտնվել»:

Այն մասին, թե ինչպիսի անակնկալներ կարելի է սպասել լեգենդար «Ակվարիում» խմբի երևանյան ելույթից, կարելի է միայն գուշակել, քանի որ, ինչպես նշել է մենակատարը, հատուկ ծրագիր չկա և խումբը հիմնականում նվագում է այն, ինչ «Աստված է կամենում»: «Ոչ ոք չգիտի, թե մենք ինչ ենք կատարելու, օրինակ, դա կարող է լինել երկժամյա իմպրովիզ»,-ասել է երաժիշտը:

Գրեբենշչիկովն ավելացրել է, որ ուրախությամբ կքննարկի հայ երաժիշտների առաջարկները:

Նշենք, որ համերգի էքսկլյուզիվ ֆոտո-գործընկերը PanARMENIAN Photo գործակալությունն է:

Լեգենդար խմբի համերգին նվիրված մամլո ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին` ժամը 12:00-ին, «Անի» հյուրանոցում: