Հովիկ Աբրահամյան. Միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի ռազմատենչ գործելաոճին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիին և Դամիեն Աբադին:

Կարևորելով Եվրախորհրդարանի պատգամավորների ճանաչողական այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ եվրոպական և միջազգային կառույցներում զգացվում է Հայաստանի և ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության պակաս և այս առումով նման այցերն էլ ավելի կարևոր են դառնում, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում անմիջականորեն ծանոթանալ իրականությանը, ընթացող զարգացումներին, ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն, ինչը կնպաստի անկողմնակալ մոտեցում դրսևորելուն:

ԱԺ նախագահը փաստեց, որ հունիսին Եվրախորհրդարան կատարած իր այցը շատ արդյունավետ էր: Հովիկ Աբրահամյանը շեշտեց , որ Եվրոպական ուղղությունը և Եվրամիության հետ մերձեցումը մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը և կարգավորման գործընթացը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` հիմնված ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Հովիկ Աբրահամյանը խիստ մտահոգիչ համարեց այն փաստը, որ Ադրբեջանի կողմից հաճախակի խախտվում է զինադադարը, ինչը մարդկային զոհերի պատճառ է դառնում և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը: Նա ցավով արձանագրեց, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի նման գործելաոճին:

Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին և Դամիեն Աբադը շեշտեցին, որ իրենց համար չափազանց կարևոր էր այցը Հայաստան և ԼՂՀ, քանի որ անմիջական պատկերացում ստացան տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ: Նրանք անընդունելի համարեցին Հայաստանին` տարածաշրջանային ծրագրերից մեկուսացնելու փորձերը, ինչը խոչնդոտում է տարածաշրջանային համապարփակ զարգացմանը, ինչպես նաև կարևորեցին Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Տպավորված լինելով Լեռնային Ղարաբաղ իրենց այցելությունից` Դամիեն Աբադը նշել է, որ իրեն ցնցել է այն, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդ կա, որ այնտեղ գործում են պետական կառույցներ և ժողովրդավարական ինստիտուտներ:

Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով արցախյան հիմնախնդրին առավել մոտիկից ծանոթանալու համար կարևոր են նման այցերը, քանի որ Եվրախորհրդարանի պատգամավորներից շատերը լավ պատկերացում չունեն Կովկասյան տարածաշրջանի խնդիրների մասին: Այս առումով նրանք ցանկալի համարեցին ԼՂՀ ԱԺ նախագահի այցը Եվրախորհրդարան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին, Եվրախորհրդարան-ՀՀ ԱԺ համագործակցության հեռանկարներին և երկկողմ կարևորություն ունեցող այլ հացերի ևս, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---