Դեկտեմբերին Երևանում տեղի կունենա հայ-ղազախական գործարար համաժողով

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Նախարարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է ենթակառուցվածքների, մասնավորապես տրանսպորտային ոլորտում իրականացվող կարեւոր ծրագրերի մասին: Մ.Վարդանյանը դեսպանին տեղեկացրել է, որ ներկայումս ընթացքի մեջ են «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրման համար նախապատրաստական աշխատանքները, որոնք հայկական կողմի առաջարկով իրականացնում է ռուսական ընկերությունը: Զուգահեռ հաջորդ տարի կսկսվեն Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի կառուցման աշխատանքները: Ըստ նախարարի, «Հյուսիս-հարավ» երկաթուղին ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է:

Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է նաեւ, որ շարունակվում են «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շահագրգիռ երկրների եւ ընկերությունների հետ:

Ինչպես ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ, նախարար Մ.Վարդանյանը տեղեկացրել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքի մասին եւ նշել, որ այն կառուցվելու է փուլերով: Հայտարարված միջազգային բաց մրցույթին հայտեր են ներկայացրել երեք ընկերություններ եւ ներկայումս դրանց փաստաթղթերի գնահատման փուլն է ընթանում:

Դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին նշել է, որ տրանսպորտային միջանցքների բացակայության պատճառով երկկողմ առեւտրաշրջանառությունը բավարար չէ: Դեսպանը տեղեկացրել է, որ դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել հայ-ղազախական բիզնես ֆորում, որի ընթացքում կքննարկվեն առեւտրաշրջանառության ծավալների բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---