2 նոյեմբերի 2010 - 17:02 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր ծրագիր է սկսում իրավաբանական և հարակից մասնագիտությունների ուսանողների համար

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարում է նոր ծրագրի մեկնարկը, որը նախատեսված է ՀՀ բոլոր համալսարանների իրավաբանական և հարակից մասնագիտությունների ուսանողների համար: Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Իրավաբանական աշխատություն» (էսսե) ծրագրին մասնակցության հայտ կարող են ներկայացնել նաև ասպիրանտները: Դիմորդներն էսսե կարող են գրել հետևյալ թեմաներից որևէ մեկի շրջանակներում. ա) Հեռահաղորդակցություն և համացանցային (ինտերնետային) իրավունք, բ) ՀՀ կորպորատիվ և միջազգային մասնավոր իրավունք, գ) ՀՀ պայմանագրային իրավունք, դ) ՀՀ Քաղաքացիական դատավարություն և արբիտրաժ:

Ծրագրի դիմորդները պետք է ունենան ուսանողական տոմս, որի վավերականության ժամկետը չպետք է ավարտվի ավելի շուտ, քան ծրագրի արդյունքների հայտարարումը: Ընդունվելու է ուսանողի աշխատանքի բնօրինակը, որը չպետք է հրատարակված լինի մինչև ներկայացման օրը: Էսսեն պետք է բաղկացած լինի 40,000 նիշից (առանց միջնատարածքների): Դիմորդները կարող են հանձնել նաև իրենց այն թեզը, ատենախոսությունը կամ գիտական աշխատությունները, որոնք դեռևս չեն հրատարակվել կամ ներկայացվել մեկ այլ կազմակերպության (ծրագրի):

Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, հեղինակներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով: Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել legalessay@mts.am էլեկտրոնային հասցեի միջոցով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2010թ. դեկտեմբերի 1-ը: Լավագույն աշխատանքները կհայտարարվեն 2011 թվականի մարտի կեսին:

Հաղթողները կստանան ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կորպորատիվ նվերներ և կարժանանան պաշտոնական պատվոգրերի: