Հայաստանը և ՄԱԷ-ն մտադիր են զարգացնել միջուկային էներգետիկան և առևտուր անել ազատ գոտիներում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների միջև առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է երկու երկրներին երևան հանել տնտեսության ոլորտի հսկայական պոտենցիալը և իրագործել այն, նոյեմբերի 3-ին հայ-արաբական գործարար համաժողովի բացման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, ՄԱԷ-ի հետ Հայաստանին կապում են պատմական հարաբերություններ, որոնք գալիս են դարերի խորքից և հիմնված են վստահության և հարգանքի վրա: «Այսօրվա բիզնես-համաժողովը թույլ կտա անմիջական շփման միջոցով ավելի լավ ճանաչել միմյանց, այդ թվում` ծանոթանալ Հայաստանի ներդրումային պոտենցիալի հետ»,- ասել է նա: Երևանում ընթացող համաժողովին մասնակցում են շուրջ 40 գործարարներ, որոնք հետաքրքրվում են Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններով և պատրաստ են ուսումնասիրել դրանք ու ներդրումներ իրականացնել տնտեսության տարբեր ոլորտներում:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկկողմանի հետաքրքրություն են ներկայացնում այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են` ՏՏ, ֆիզիկան, բժշկությունը, ֆինանսական հատվածը, զբոսաշրջությունը, շինանյութերի արտադրությունը, գյուղատնտեսության վերամշակման ոլորտի արտադրանքը: «Կարծում եմ, ՄԱԷ-ի համար հետաքրքիր կլինի ծանոթանալ «Զվարթնոց» օդանավակայանին կից ազատ առևտրի գոտու հետ»,- ասել է նա: Վարչապետը կարևորել է հյուրերի առաջարկը հաջորդ գործարար համաժողովն ՄԱԷ-ում անցկացնելու մասին:

Իր հերթին, ՄԱԷ-ի արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմին հաղորդել է, որ անցյալ տարի Հայաստանի և ՄԱԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 70 մլն դոլար: «Եկել է մեր տնտեսական հարաբերությունները խորացնելու ժամանակը: Այս համաժողովը թույլ կտա որոշել համագործակցության հետագա ուղիները»,- ասել է նա և հավելել, որ երկկողմանի համագործակցության համար մեծ պոտենցիալ կա միջուկային էներգետիկայի ոլորտում: Նախարարը նշել է, որ Հայաստանի` որպես զարգացող երկրի կառավարության ջանքերի շնորհիվ 90-ական թթ.-ից հաջողվել է որոշակի հաջողությունների հասնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լեռնահանքային արդյունաբերությունը, ալմաստի մշակումը և ակնագործությունը, գյուղատնտեսությունը և բարձր տեխնոլոգիաները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---