3 նոյեմբերի 2010 - 21:08 AMT
Արմեն Գևորգյանը ծանոթացավ Նոյեմբերյանի պոմպակայանի վերականգնման աշխատանքների ընթացքին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 3-ին ծանոթացավ Տավուշի մարզի Նոյեմբերյանի պոմպակայանի վերականգնման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Արմեն Ղուլարյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Փոխվարչապետին ներկայացվեց շինարարության ընթացքը, նշվեց, որ աշխատանքներն ընթանում են համաձայն ժամանակացույցի, արդեն իրականացվել է դրանց մոտ 40 տոկոսը: Նախատեսվում է, որ պոմպակայանի վերականգնման և վերազինման աշխատանքները կավարտվեն 2011թ. մարտին, և այն կունենա շուրջ 3000 հա տարածք ոռոգելու հզորություն: «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում վերականգնվող այս պոմպակայանի համար ներդրումների ընդհանուր ծավալը 3 մլն դոլար է:

Արմեն Գևորգյանը մեկ անգամ ևս նշեց, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական ուշադրությունը մարզերում ՀՄՀ կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ և հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով ու նախատեսված ժամկետներում, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: