Անտոկոս վարկերը վերջապես հասանելի կդառնան Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին

Անտոկոս վարկերը վերջապես հասանելի կդառնան Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին

PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի կառավարության հաստատած ծրագրի, Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները կարող են անտոկոս վարկեր ստանալ: «Երկու տարի է մենք խոսում ենք այն մասին, որ վարկային ռեսուրսները պետք է լինեն հասանելի սահմանամերձ շրջաններում։ Ավելին, մենք ծրագիր ենք հաստատել ձեզ հետ միասին, և միջոցներ ենք հատկացրել, որպեսզի սահմանամերձ շրջաններում տրվող վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվեն պետության կողմից, այսինքն` մեր գյուղացիները հնարավորություն ունենան ստանալ անտոկոս վարկեր։ Երկու տարի է` այդ գործառույթն իրականացվում է լրջագույն բացթողումներով»,- կառավարության նոյեմբերի 4-ի նիստում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ըստ նրա, «Հրապարակում» հեռուստատեսային մեր հաղորդումն անդրադարձել է այս խնդրին և բացահայտել է լուրջ դժգոհություններ գյուղացիների կողմից։ Այդ գործառույթներն իրականացնող սուբյեկտներն իրենց գործառույթները պատշաճ ձևով չեն կատարել։ «Խոսքը գնում է նաև այն ծրագրերի իրականացման գործակալության մասին, որը գործում է մեր ֆինանսների նախարարության կազմում։ Այդ հաղորդումը կհեռարձակվի նաև հեռուստատեսությամբ»,-ասել է վարչապետը։

Վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին 10 օրվա ընթացքում ներկայացնել կառավարությանը համապատասխան որոշում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու և կադրային լուծումներ տալու համար։ «Անթույլատրելի է, որ մենք ունենք հատկացված ֆինանսական միջոցներ, և այդ փողը չի հասնում գյուղացիներին»,-ասել է Տիգրան Սարգսյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---