5 նոյեմբերի 2010 - 11:09 AMT
Չնայած պարտությանը, «Հատիսը» չի կորցնում Եվրոպայի գավաթի փլեյ-օֆ դուրս գալու հույսը

«Կներեք, որ այս անգամ այսպես ստացվեց: Խաղը հավասար էր, այն պահին, երբ մեր առաջատար խաղացող Էրիկա Դևիսը հուսահատվեց, հուսահատվեց նաև ողջ թիմը և չգտնվեց խաղացող, որը նրան արժանի փոխարինող կլիներ և իր հետևից կտաներ թիմը»,- ասաց «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը Եվրոգավաթի խմբային փուլում իսրայելական «Էլիտզուրից» 69:82 հաշվով կրած պարտությունից հետո:

Ղազանչյանի խոսքերով, «Հատիսի» մարզչական շտաբն ուսումնասիրել էր հակառակորդին և ծանոթ էր նրա խաղային որակների հետ: «Բայց նրանք հասցրել էին ձեռք բերել երկու նոր բասկետբոլիստուհիների, որոնք իրավունք չունեն հանդես գալ Իսրայելի առաջնությունում: Ակումբի կազմում խաղում էին նաև մի քանի բասկետբոլիստուհիներ, որոնք վերջերս «Սիեթլի» կազմում դարձել էին WNBA չեմպիոններ: Այսօր մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալ կանանց բասկետբոլի աստղերի խաղի հետ»,- ասել է Գիա Ղազանչյանը:

Նրա կարծիքով, «Էլիտզուրն» ամենաուժեղ թիմն է, նույնիսկ ուժեղ «Աթինայկոսից», որի հետ «Հատիսը» խաղաց անցյալ տարի և պարտվեց:

Միակ սփոփիչ փաստը Ղազանչյանի համար այն է, որ «Հատիսն» այս խաղում ավելի լավ խաղաց, քան մեկ շաբաթ առաջ «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի հետ, որին զիջեց 79:50 հաշվով: «Ռուսական թիմն ավելի թույլ է այս թիմից, և հաղթանակի դեպքում, նույնիսկ եթե մենք խմբում զբաղեցնենք 3-րդ տեղը, կկարողանանք դուրս գալ փլեյ-օֆ»,- հավելեց Ղազանչյանը: