Հայաստանի առողջապահության ոլորտի կազմակերպությունները Համագործակցության հուշագիր կնքեցին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Երևանում «Հայկական բժշկական ասոցիացիա», «Հայկական դեղագործական ասոցիացիա» և «Հայկական հոգեբուժական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները և Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) կնքեցին Համագործակցության հուշագիր։

Համագործակցության հուշագրի կնքումով կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը նպաստելու դեղագործության և բժշկության ոլորտներում գործարարության կայուն և շարունակական զարգացմանը, ոլորտների ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացմանը, դեղագործության ոլորտի արտադրության որակի բարելավմանը, և, դրան համապատասխան, ոլորտի արտադրանքի սպառման ծավալների մեծացմանը, ինչպես նաև առողջապահության և դեղագործության ոլորտներում գիտական ու հրատարակչական ծրագրերի իրականացմանը և գիտաժողովների կազմակերպմանը, աշխատաշուկայի պահանջների շարունակական ուսումնասիրմանը, դեռահասների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանը, մասնագիտական կրթության որակի բարձրացմանը։

Հուշագրի կողմերը նախատեսում են նպաստել նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և արհմիությունների հետ հարաբերություններում նշված ոլորտների գործատուների և աշխատողների շահերի պաշտպանությանը, և նրանց հավաքական դիրքորոշման ներկայացմանը։

Բացի այդ, «Հայկական բժշկական ասոցիացիա»-ն, «Հայկական դեղագործական ասոցիացիա»-ն, «Հայկական հոգեբուժական ասոցիացիա»-ն և ԴԱՆ Միությունը կմասնակցեն նշված Հուշագրի իրականացման աշխատանքներին, կողմերի կազմակերպած հանդիպումներին, քննարկումներին ու միջոցառումներին (թրեյնինգներ, կլոր սեղաններ, սեմինարներ, խորհրդակցություններ), կտրամադրեն համատեղ ծրագրերի վերաբերյալ Հուշագրի իրականացմանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---