5 նոյեմբերի 2010 - 16:33 AMT
Ադրբեջանն որպես երկիր գոյություն ունի հենց սադրանքների համար

«Ոչ մի քննարկում այն մասին, թե դեկտեմբերին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում կարող է որևէ համաձայնագիր ստորագրվել, չի անցկացվում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը: Ըստ նրա,. այս հարցում չի զգացվում նաև գերտերությունների ճնշումը Ադրբեջանի ու Հայաստանի հանդեպ: Գալուստ Սահակյանը հերթական անգամ նշել է, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել՝ քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ոչ մի «ճանապարհային քարտեզի» մասին խոսք լինել չի կարող:

Անդրադառնալով ռազմագերիներին վերադարձնելու հարցին՝ Սահակյանն ասել է, որ այդ հարցը մշտապես քննարկվել է տարբեր քաղաքական շրջանակներում: «Մենք միշտ փորձում ենք համոզել մեզ, որ Ադրբեջանը խարդախ չէ իր մտադրություններում, սակայն ապարդյուն»,-ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը որպես երկիր գոյություն ունի հենց սադրանքների համար: Նա նշել է նաև, որ այն ռազմագերիները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, Հայաստանի իրավասության տակ են գտնվում, իսկ մյուսները՝ ԼՂՀ իշխանությունների իրավասության: