ԳեոՓրոՄայնինգը դատի կտա Հայաստանի Հսկիչ պալատին

PanARMENIAN.Net - 2010 թվականի ընթացքում Հայաստանի Հսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել ԳեոՓրոՄայնինգ Գոլդ (ԳԹՄ Գոլդ) ընկերությունում և հաշվետվություն կազմել, որի շատ դրույթներ սխալներ ու չստուգված եզրակացություններ են պարունակում: Ինչպես հաղորդում է ԳԹՄ Գոլդ հասարակայնության հետ կապերի բաժինը, չնայած, որ սահմանված ժամկետներում ԳՓՄ Գոլդ ընկերությունը ՀՊ-ին պաշտոնապես ներկայացրել էր իր առարկումներն ու բացատրությունները, դրանք հաշվի չառնվեցին, ավելին` բոլորովին արհամարվեցին, ինչը ՀՀ Սահմանադրության և վարչարարության հիմքերի ու վարչական արտադրության մասին օրենքի խախտում է:

«Ցավոք, այդ հաշվետվությունը, որը բազմաթիվ իրավաբանական ու փաստագրական սխալներ է պարունակում, հասարակության ձեռքն է ընկել, և արդյունքում որոշ ԶԼՄ-ներ այն որպես աղբյուր են օգտագործել իրականությանը չհամապատասխանող հրապարակումների համար: ԳԹՄ Գոլդ ընկերությունը ՀՊ հետ աշխատանքի գործընթացում լիարժեք համագործակցության պատրաստակամություն է հայտնել, ավելին` պալատին թույլատրել է մուտք ունենալ ողջ պահանջված տեղեկատվական նյութին, որի ստացումը չէր մտնում հանձնաժողովի ստուգման բնույթի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս կապակցությամբ ԳՓՄ Գոլդը պաշտոնապես հայտարարում է այն մասին, որ մտադիր է դատական ատյաններ դիմել Հսկիչ պալատի ապօրինի գործողությունների դեմ հայցով: Ավելի վաղ Հայաստանի Հսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հաղորդել էր, որ ՀՊ-ն երկրի կառավարությանն առաջարկում է քննարկել ԳեոՓրոՄայնինգ Գոլդ ընկերության կողմից Սոթքի (Գեղարքունիք) և Մեղրաձորի (Կոտայք) ոսկու հանքերի շահագործման դադարեցման հարցը, քանի որ ստուգումների ընթացքում խախտումներ են հայտնաբերվել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---