8 նոյեմբերի 2010 - 18:33 AMT
Ալիևը սեփական ձեռքերով է «թաղում» փոխզիջման միջոցով ղարաբաղյան կարգավորման հնարավորությունը

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է անտեսել միջազգային հանրության և միջնորդների առջև ստանձնած իր պարտավորությունները՝ ցինիկորեն գործելով հակառակ այն փաստաթղթերի, որ ինքն է ստորագրել Մայնդորֆում ու Աստրախանում: Ալիևին ձեռք չի տալիս այն պատմությունը, որը նա դասավանդել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և նա իր կեղծ պատմությունն է հորինում: Նա անտեսում է ժամանակակից միջազգային իրավունքը և փորձում է հանդես գալ ուժի դիրքերից»,-հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի սադրիչ հայտարարությունները:

Ինչպես նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը, Աստրախանի հռչակագիրն ենթադրում է վստահության միջոցների ամրապնդում գերիների և սպանվածների մարմինների փոխանակման ճանապարհով, սակայն Իլհամ Ալիևն օգտագործում է այդ գործընթացը միանգամայն հակառակ նպատակով՝ լարվածության սրման համար:

«Ալիևների ժառանգական ռեժիմը արյամբ սնվելու կարիք ունի, այդ թվում սեփական ժողովրդի արյամբ: Նրան չեն բավարարում իր իսկ սանձազերծած ագրեսիայի հետևանքները, որոնցով նա «ապրում է»՝ ձգտելով նոր հորձանուտների մեջ ներքաշել սեփական ժողովրդին, հրահրելով նոր արյունահեղություն և շարունակելով ադրբեջանական հանրությունը սեփական հիվանդագին պատրանքների պատանդը դարձնելու փորձերը: Ալիևը մահվան է ուղարկում դիվերսանտներին, որոնք, իր իսկ խոստովանությամբ, նախապես գիտեին, որ կենդանի չեն վերադառնալու, հանդիսավոր թաղում է կազմակերպում և միաժամանակ թաղում է փոխզիջման միջոցով հակամարտությունը կարգավորելու հնարավորությունը»,-ասել է Շավարշ Քոչարյանը:

Ըստ փոխնախարարի, միանշանակ է, որ հակահայկական հիստերիայի նոր ալիքը բարձրացվեց Ալիևի կլանի ներկայացուցիչների խորհրդարանում «ընտրվելու» օրը, որպեսզի հանրության ուշադրությունը շեղվի միջնադարյան խանության կազմավորման հերթական փուլից:

«Ալիևը ինքն իրեն ընտրության առջև է կանգնեցրել. կամ հրաժարվել ստի, հարևան ժողովրդների հանդեպ ատելության վրա հիմնված միջնադարյան խավարամտությունից և զենք ճոճելու ինքնասպան փորձերից, կամ ինքնամեկուսացնել Ադրբեջանը է և վերջնականապես նահանջել դեպի խորը միջնադար՝ անխուսափելի քաղաքական, հոգեբանական ու հումանիտար աղետի պայմաններում»,-ասել է Քոչարյանը:

Հանդես գալով նոյեմբերի 7-ին ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում մահացած դիվերսանտի թաղման ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է նոր պատերազմ սանձազերծել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև բուն Հայաստանի դեմ: Ըստ նրա, ադրբեջանցիները ցանկացած պահի պատրաստ են ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: