9 նոյեմբերի 2010 - 13:33 AMT
Հանրահավաքների մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը գործող օրենքի համեմատ բավական առաջադեմ է

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը գործող օրենքի համեմատ բավական առաջադեմ է, ինչի մասին վկայում է Վենետիկյան հանձնաժողովի գնահատականը, ինչպես նաև այլ կառույցների կարծիքներն այդ հարցի առնչությամբ: Այդ մասին հանրահավաքների մասին ՀՀ նոր օրենքի քննարկման ժամանակ հայտնեց իրավական հարցերով Հայաստանի նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը: Նրա կարծիքով, այս նախաձեռնության նպատակն է այնպիսի օրենսդրական հիմք ստեղծել, որը նվազագույնի կհասցնի ցանկացած կամային դրսևորում, այսինքն` հավասարակշռություն կհաստատի ցույցերի անցկացման իրավունքի և մարդու այլ իրավունքների ապահովման միջև: Այդ համատեքստում նա ասաց, որ այդ նախագիծը երաշխավորում է մարդու իրավունքների լիակատար պաշտպանությունը` բացառելով որևէ պետական մարմնի կողմից լիազորությունների չարաշահումը: