9 նոյեմբերի 2010 - 13:40 AMT
ՌԴ ռազմակայանը կարող է խանգարե՞լ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

«Եթե մենք իսկապես Թուրքիայի համար վտանգ չենք ներկայացնում, ապա ոչինչ չպետք է խանգարի երկու երկրների միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ՊՆ-ին առընթեր Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով այն փաստը, որ Անկարան հանել է Հայաստանը Թուրքիայի համար արտաքին սպառնալիք ներակայացնող երկրների ցուցակից: Նրա խոսքերով, չնայած նրան, որ հայտարարվել է, որ Հայաստանն այլևս վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար, Ռուսաստանը շարունակում է մնալ սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակում: Այդ առումով Ջամալյանը չի բացառել, որ շատերը կհայտարարեն, որ Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմակայանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Բացի դրանից, Թուրքիան ռազմական դաշինք է կնքել Ադրբեջանի հետ: Եթե մենք այլևս հակառակորդներ չենք, ապա հարց է ծագում` ում դեմ է ուղղված այդ համաձանությունը»,- ասել է նա և հավելել, որ Թուրքայի գործողությունների անկեղծության մասին վկայելու են նրա հետագա քայլերը: Հայ փորձագետը նաև նշել է, որ Անկարայի որոշումը կարող է հերթական քարոզչական քայլը լինել, որի նպատակն է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից: