Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկեց«Ստեղծագործականություն և երևակայություն» խորագրով նոր մանկական ծրագիրը` չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի նորաբաց «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսի շրջանակներում:

ԳԱԿ-ի «Ստեղծագործականություն և երևակայություն» ծրագրի ընթացքում կանցկացվեն ստեղծագործականության և արվեստի հատուկ խաղ-դասեր 6-12 տարեկան երեխաների համար: Դասերը հիմնվելու են Իվանա Շրամկովայի ստեղծագործությունների վրա, որոնք ցուցադրվելու են Կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում մինչև 2011 թ. մարտը:

«Մեր մասնագետ խաղավարները երեխաներին հնարավորություն կընձեռեն ուղղակիորեն առնչվել արվեստի հետ, օգտագործել իրենց անսպառ երևակայությունն ու ստեղծագործական կարողությունները», - ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ծրագրերի և կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը` ավելացնելով, որ Կենտրոն այցելելիս երեխանեն այլևս չեն լինի զուտ դիտորդ, փոխարենը կունենան իրական շփում, հաղորդակցում արվեստի հետ»:

Ծրագրի առաջին դասը տեղի ունեցավ 2010թ. նոյեմբերի 9-ին` «Զատիկ» մանկատան սաների համար չեխ արվեստագետ Իվանա Շրամկովայի ներկայությամբ: Հետագայում ծրագրում կներգրավվեն այլ դպրոցներ, իսկ շաբաթ օրերին, նախնական պայմանավորվածությամբ, ծրագրին կմասնակցեն նաև ընտանիքներ:

«Այս ծրագրի ընդհանուր նպատակն է` սերտացնել թանգարան-դպրոց, թանգարան-ընտանիք կապը, ինչպես նաև աջակցել Հայաստանի երեխաների գեղագիտական դաստիարակությանը», - նշեց Աստղիկ Մարաբյանը:

«Ես շատ երջանիկ եմ, որ այս ծրագիրը տեղի է ունենալու իմ ցուցահանդեսի շրջանակներում: Մանկական միտքը շատ անաղարտ է, և ես անհամբեր սպասում եմ` տեսնելու, թե ինչպիսին է լինելու նրանց առաջին տպավորությունը, ինչպես են նրանք արձագանքելու իմ արվեստանմուշներին, և ինչ կստացվի արվեստի հետ նրանց շփման արդյունքում», - ասաց չեխ արվեստագետ Իվանա Շրամկովան:

Իվանա Շրամկովան ծնվել է 1960թ. Չեխիայի Հանրապետությունում: 1967-1980թթ. նա սովորել է Ժելեզնի Բրոդի Կիրառական արվեստների քոլեջում: Հետագայում շարունակել է իր կրթությունը Պրահայի Կիրառական արվեստների ակադեմիայում` Ստանիսլավ Լիբենսկու ղեկավարությամբ: Արվեստագետը հմտացած է կաղապարաձույլ ապակեգործության ոլորտում և հիմնականում քանդակում է մարդկային ֆիգուրներ, կենդանիներ և բնապատկերներ: Շրամկովայի գեղարվեստական ոճի ինքնատիպությունը կայանում է նրանում, որ նա ապակու կտորները համադրելով` ստեղծում է մոնումենտալ ստեղծագործություններ, որոնց գունային լուծումները քանդակներին հաղորդում են պայծառություն: Իվանա Շրամկովայի աշխատանքները ցուցադրված են բազմաթիվ թանգարաններում, այդ թվում` Պրահայի Ազգային պատկերասրահում, Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում, ԱՄՆ-ի Քորնինգի ապակու թանգարանում, Հոկայդոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Վենեցիայի «Aperto Vetro»-ում, «Museo Correr»-ում, Նյու Յորքի «Հելլեր» պատկերասրահում:

«Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսով արվեստագետն առաջին անգամ է ներկայանում Հայաստանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---