Հայ երիտասարդությունը խնդիրներ ունի որակյալ կրթության, զբաղվածության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում մասնակցության հետ

Հայ երիտասարդությունը խնդիրներ ունի որակյալ կրթության, զբաղվածության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում մասնակցության հետ

PanARMENIAN.Net - Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը կարծում է, որ երիտասարդության խնդիրներն անհնար է լուծել միայն նախարարության ջանքերով, անհրաժեշտ է համագործակցել մշակույթի, կրթության և գիտության, առողջապահության, պաշտպանության նախարարությունների հետ:

Քարամյանը հայ երիտասարդության խնդիրները ներկայացրել է երեք կետով. «Մեր երիտասարդությունը պետք է որակյալ կրթություն ստանա, դա միակ միջոցն է աշխարհում մեր մասին հայտարարելու համար: Շատ կարևոր է նաև երիտասարդության զբաղվածության խնդիրը, որը 1998-ից ի վեր միջազգային ատյանների ուշադրության կենտրոնում է: Երիտասարդները պետք է ընդգրկվեն հասարակական կյանքի տարբեր ոլորտներ»,- ասել է փոխնախարարը:

Նա կարծում է, որ հայ երիտասարդությունը երկրի քաղաքական կյանքում ակտիվ մասնակցություն ունի, մշակութային կյանքում ակտիվությունը քիչ թե շատ նորմալ է, իսկ տնտեսական կյանքում` գրեթե աննշան:

«2011-ին պետբյուջեից մենք կստանանք 280 մլն դրամ, որի մի մասը կծախսվի Հայաստանի մարզերում երիտասարդության խնդիրների լուծման համար: Մենք նաև կանցկացնենք «Աշխատանքի տոնավաճառ» Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում»,- հավելել է Քարամյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---