11 նոյեմբերի 2010 - 15:01 AMT
Ավստրիական «Ազատություն» կուսակցությունը պահանջում է խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ

Ավստրիայի «Ազատություն» կուսակցությունը պահանջում է խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, դրա պատճառը դարձել է Ավստրիայում Թուրքիայի դեսպան Քադրի Էջվեթ Թեզջանի հայտարարությունը, որտեղ նա մեղադրել է Վիեննային Ավստրիայի թուրք բնակչության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ:

Ավստրիայի ԱԳՆ-ն վրդովված է Վիեննայում թուրք դեսպանի արտահայտություններով, որը մեղադրել է Ավստրիայի իշխանություններին խստացված միգրացիոն քաղաքականության և թուրք ներգաղթյալների համար արգելքներ ստեղծելու մեջ:

«Ավստրիայի թուրքերին վերաբերվում են վիրուսի նման, իսկ տեղի իշխանությունները ոչինչ չեն անում 250 հազար թուրք ներգաղթյալներին հասարակության մեջ ինտեգրվելու հարցում օգնելու համար»,- ասել է Քադրի Էջվեթ Թեզջանը Die Presse հրատարակությանը տված հարցազրույցում:

Ավստրիայի ԱԳՆ-ն թուրք դիվանագետի նման հայտարարություններն անընդունելի է համարել: Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ միջադեպը չի վնասի թուրք-ավստրիական հարաբերություններին: Սպասվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն առաջացած ճգնաժամը հաղթահարելու նպատակով հեռախոսային զրույց կանցկացնի իր ավստրիացի գործընկեր Միխայել Շպինդելեգերի հետ: