11 նոյեմբերի 2010 - 15:18 AMT
Նիկոլայ Ռիժկովը գտնում է, որ ղարաբաղյան կարգավորումը փակուղի է մտնում

Ղարաբաղյան կարգավորումը փակուղի է մտնում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի ռուս համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: «Մեզ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել: Մենք զգում ենք, որ մեր և ձեր հարևանները ձեռքերը ծալած չեն նստում և նախապատրաստվում են»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը:

Այն հարցին, թե քննարկվել է արդյոք Ղարաբաղի հարցը հանձնաժողովի 19-րդ նիստում, ռուս համանախագահը պատասխանել է, որ այդ հարցը շոշափվել է հանձնաժողովի 20-րդ նիստի օրակարգի քննարկման շրջանակներում: Ըստ նրա, եթե վիճակը Ղարաբաղում վատթարանա, հանձնաժողովն անտարբեր չի մնա և կհայտնի իր կարծիքը: