12 նոյեմբերի 2010 - 12:18 AMT
ԵՀՄՖ-ն անկողմնակալ միջամտություն է ակնկալում Մևլութ Չավուշօղլուից Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությունը կասեցնելու հարցում

Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ես որպես Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ դիմում եմ Ձեզ Եվրոպայի հայկական համայնքների անունից` պահանջելով միջամտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում վարվող պատերազմական հռետորաբանության և լարվածության գործունեության հարցում: Մենք արդեն հանդես ենք եկել հայտարարությամբ հազարամյակների պատմություն ու պետականություն ունեցող Հայաստանի նկատմամբ նախագահ Ալիևի կողմից ոտնձգությունների և բացառիկ անմիտ ու անհիմն հայտարարությունների շուրջ: Ի նկատի ունենք Հայաստանի հարավային շրջանների և Երևանի նկատմամբ Ալիևի արտահայտած մտքերը, որոնք չենք ուզում մեկնաբանել: Դուք անձամբ պետք է շատ ավելի զգայուն լինեք հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու խնդրի հարցում, հատկապես, երբ այդ պահանջները ծիծաղելիության մակարդակի մտացածին են և հերյուրանքների տպավորություն են թողնում»:

«Մենք խնդրում ենք ըմբռնումով մոտենալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան հայտարարությանը, որտեղ, հիմնվելով բացառիկ խորը գիտական` պատմական և լեզվաբանական անհերքելի փաստերի վրա, տրվել է պատասխան` պարզաբանելով հայկական Էթնոսի ծագումնաբանության և պետականության կարճ նկարագիրը: Մենք համամիտ ենք ՀՀ նախագահի հետ և գտնում ենք, որ, յուրացնելով հարևան երկրների պատմությունը և այն սեփականացնելու համար կազմակերպելով մշակույթային ցեղասպանություն (ի դեմս Նախիջևանի հազարամյա խաչքարների և այլ մշակույթային կոթողների ոչնչացմանը), Ադրբեջանի նախագահը առաջացնում է զայրույթ ոչ միայն հայերի, այլև իրանական Ադրբեջանի, ինչպես նաև Հարավային Կովկասի մի շարք ազգային փոքրամասնությունների մոտ: Կարծում ենք Ձեր միջամտությունը կլինի խիստ հարկի Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծումը կասեցնելու և խաղաղությունն ապահովելու համար: Այս հարցում ԵՀՄՖ-ը Ձեր դերը տեսնելով շատ բարձր` ակնկալում է անկողմնակալ արհեստավարժ միջամտություն, որի համար հայտնում ենք նախապես մեր խորին շնորհակալությունները»,-ասվում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի նամակում: