12 նոյեմբերի 2010 - 18:12 AMT
Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Երևանում

Նոյեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի համանախագահներ են հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իսկ ԱՄՆ կողմից` ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական երկրներին ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզենբլյումը:

Ինչպես նշվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հանձնաժողովի կազմում են Հայաստանի և Միացյալ Նահանգների պետական գերատեսչությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: Նիստին հրավիրված են ՀՀ պետական մարմինների, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործարարներ:

Նիստի ընթացքում քննարկվելու են գործարարության համար նպաստավոր միջավայրի ձևավորման, մակրոտնտեսական իրավիճակի գնահատման, հարկային և մաքսային քաղաքականության և վարչարարության, որակի միջազգային ստանդարտների ներդրման, արդար և հավասար մրցակցությանն առնչվող հարցեր: